Posted in Uncategorized

Дома 23.12.2016

Домашнее творческое задание: “ Самая старая елочная игрушка в нашем доме”- ( рассказ, интервью, аудио- или видеозапись)

Мы ещё не поставили ёлку. Когда мостовим обязательно расскажу.

Posted in Պատմություն, Uncategorized

Հուլիոս Կեսար

Հուլիոս Կեսարը հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ է: Հռոմեական Սենատը  նրան հռչակել է ցմահ դիկտատոր: 
Հուլիոս Կեսարը սերում է Հուլիոսների հարուստ պատրիկական (արտոնյալ դաս) ընտանիքից: Մ. թ. ա. 81–78 թթ-ին ծառայել է Փոքր Ասիայում, 63 թ-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (քուրմ), 61 թ-ին նշանակվել է Հեռավոր Իսպանիա պրովինցիայի (վարչական միավոր) կառավարիչ: Մ. թ. ա. 60 թ-ին վերադարձել է Հռոմ, ընտրվել կոնսուլ (բարձրագույն պաշտոնյա): Քաղաքական և զինվորական ազդեցիկ գործիչներ Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը (3 անձի իշխանություն): 
Մ. թ. ա. 58–51 թթ-ին Հուլիոս Կեսարը նվաճել է ողջ Անդրալպյան Գալիան (այժմյան Ֆրանսիայի տարածքը): Գնեոս Պոմպեոսը հաջողությամբ պատերազմել է Իսպանիայում, իսկ Մարկոս Կրասոսը 53 թ-ին սպանվել է Հյուսիսային Միջագետքում՝ պարթևների դեմ ճակատամարտում: 
Պոմպեոսը և Սենատը (Ծերակույտ), վախենալով Հուլիոս Կեսարի ազդեցության մեծացումից, նրանից պահանջել են զորացրել բանակը, թեև նրա լիազորությունների ժամկետը չէր լրացել: Կեսարը մերժել է, որի պատճառով հայտարարվել է հայրենիքի թշնամի: Երկար խորհելուց հետո, 49 թ-ի հունվարի 10-ին, Հուլիոս Կեսարը որոշել է զորքով անցնել հյուսիսային սահմանը` Ռուբիկոն գետը, և մտնել Իտալիա: Գրեթե առանց դիմադրության գրավել է Հռոմն ու ամբողջ Իտալիան և ժամանակավորապես հռչակվել դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնյա): 
Մ. թ. ա. 49–45 թթ-ին Պոմպեոսի գլխավորած Սենատի զորքերի և Կեսարի միջև սկսվել է քաղաքացիական պատերազմ: Բոլոր ճակատամարտերում (Իսպանիայում, Հունաստանում, Աֆրիկայում) Պոմպեոսի զորքերը պարտվել են: Մ. թ. ա. 48 թ-ի վերջին և 47 թ-ի սկզբին Կեսարը, միջամտելով Եգիպտոսի գահակալական պայքարին, պարտության է մատնել եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Մ. թ. ա. 47 թ-ի գարնանը Փոքր Ասիայում կռվել է Միհրդատ VI Եվպատորի որդու՝ Փառնակեսի դեմ և այնքան արագ է նրան պարտության մատնել, որ Հռոմ ուղարկած նամակում գրել է. «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜»: 
Սենատը ճանաչել է ժողովրդի՝ նրան տված Հայր հայրենյաց պատվանունը:
Հուլիոս Կեսարն ստացել է տրիբունի անձեռնմխելիության իրավունք և մ. թ. ա. 48 թ-ին հռչակվել դիկտատոր, 44 թ-ից՝ ցմահ դիկտատոր, ստացել իմպերատոր (կայսր, տիրակալ) տիտղոսը, հանրապետության բոլոր զորքերի հրամանատարությունը, մշտապես դափնեպսակ և ծիրանի (թիկնոց) կրելու իրավունք: 
Ի տարբերություն նախորդ ռազմական և քաղաքական գործիչներ Մարիոսի և Սուլլայի՝ Կեսարը չի հալածել քաղաքական հակառակորդներին, այլ աշխատել է իր կողմը գրավել նրանց: Կատարել է մի շարք բարեփոխումներ՝ տնտեսական, նահանգների կառավարման, հարկային, վարչական, դրամական և այլն: Հաստատել է Հուլյան տոմարը (կոչվում է նրա անունով), որը 1582 թ-ին փոխարինվել է Գրիգորյան տոմարով: Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով պետք է արշավեր Հայաստան ու Պարթևստան: Սակայն Կեսարի միահեծան իշխանությունից դժգոհ հանրապետական սենատորները (ավելի քան 80 հոգի) կազմակերպել են դավադրություն՝ Մարկոս Բրուտոսի գլխավորությամբ, որին Կեսարը համարում էր իր բարեկամը: Սենատի նիստում (մ. թ. ա. 44 թ-ի մարտի 15-ին) դավադիրները շրջապատել են Կեսարին և սպանել նրան: Կեսարը, մարդասպանների մեջ տեսնելով իր նախկին ընկերոջը` Բրուտոսին, բացականչել է. «Եվ դո՞ւ, Բրուտոս»:
Հուլիոս Կեսարը նաև գրող է ու պատմագիր: Մեզ են հասել «Նոթեր գալլական պատերազմի մասին» (7 գրքով) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» (3 գրքով) երկերը,  Ցիցերոնի (Կիկերոն) դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր, բանաստեղծություններ և այլն:
Posted in Պատմություն, Uncategorized

Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: Մ. թ. ա. 334 թ-ին հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333 թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է: 332 թ-ին, գրավելով բոլոր նավահանգիստները, Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ. թ. ա. 332–331 թթ-ի ձմռանն առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը, և քրմերը նրան պաշտոնապես ճանաչել են Եգիպտոսի թագավոր: 331 թ-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս` Թել Հոմել՝ Իրաքում) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է (Գավգամելայի ճակատամարտ) պարսկական բանակը: Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: 
Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:
Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը՝ Երվանդ Գ-ի, և Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսի գլխավորությամբ, ովքեր պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվեցին իրենց երկրների թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս է ուղարկել գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը, բայց հայերը թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին:
Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329 թ-ին ներխուժել է Միջին Ասիա, 327 թ-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326 թ-ին գրավել Փենջաբը, սակայն հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը՝ նա դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324 թ-ին վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: 
Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Սակայն նրա արշավանքները մեծապես նպաստել են Արևելքի ու Արևմուտքի մերձեցմանը: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը: Հելլենիզմը տարածվել է նաև Հայաստանում:
Posted in Պատմություն, Uncategorized

Օգոստոս Օկտավիանոս

Օգոստոս (լատիներեն է. նշանակում է սրբազան, հետագայում ստացել է կայսրի տիտղոսի նշանակություն) Օկտավիանոսը (մ. թ. ա. 27 թ-ից` Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս) Հուլիոս Կեսարի քրոջ թոռն է և, Կեսարի կտակի համաձայն, նրա որդեգիրն ու ժառանգորդը: Կեսարի սպանությունից հետո Օկտավիանոսը Մարկոս Անտոնիոսի և Մարկոս Լեպիդոսի հետ ստեղծել է Երկրորդ եռապետությունը (մ. թ. ա. 43 թ.) և պատժել Կեսարի հակառակորդներին: Սակայն եռապետությունը երկար չի գոյատևել. Օկտավիանոսը մ. թ. ա. 36 թ-ին Լեպիդոսին զրկել է իշխանությունից և պատերազմ սկսել Անտոնիոսի դեմ: Սենատը և քաղաքական գործիչ ու հռետոր Ցիցերոնը պաշտպանել են Օկտավիանոսին: Մ. թ. ա. 31 թ-ին Ակտիումի մոտ Անտոնիոսի ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի դեմ Օկտավիանոսի տարած հաղթանակով ավարտվել են քաղաքացիական պատերազմները, և ամբողջ իշխանությունը կենտրոնացել է Օկտավիանոսի ձեռքում: 
Օկտավիանոսի օրոք սահմանված կառավարման ձևը կոչվել է «վերականգնված հանրապետություն». հստակ սահմանազատվել են պետության ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները: Հետագայում կառավարման այդ ձևը ստացել է պրինցիպատ անվանումը, այսինքն` սենատի պրինցեպսի (առաջին սենատոր) կառավարություն: 
Մ. թ. ա. 12 թ-ից Օկտավիանոսը նաև գերագույն քուրմն էր: Ծերակույտը նրան շնորհել է Օգոստոս տիտղոսը (հետագայում նրա ծննդյան ամիսը կոչվել է օգոստոս): 
Հրապարակել է ստրկատիրությունն ամրապնդող օրենքներ, ձգտել է պրովինցիաներում ձևավորել հռոմեական պետության պահպանմամբ շահագրգիռ խավ, հիմնել կայսերական գանձարան: 
Կառավարման առաջին տարիներին մղել է նվաճողական պատերազմներ: Նրա օրոք ավարտվել է Իսպանիայի նվաճումը, կազմվել են նոր պրովինցիաներ` Եգիպտոս (մ. թ. ա. 30 թ.), Մեզիա (մ. թ. ա. 15 թ.), Պաննոնիա (մ. թ. ա. 10 թ.), Գերմանիա 
(մ. թ. ա. 16 թ.), Դալմատիա (մ. թ. 6 թ.):
Օգոստոսն իրեն շրջապատել է խելացի օգնականներով և խորհրդականներով, որոնց մեջ առանձնացել են Ագրիպպան և Մեկենասը. նրանցով է պայմանավորված հռոմեական գրականության և արվեստի ծաղկումը՝ ոսկեդարը (Վերգիլիոսի, Հորացիոսի, Օվիդիոսի, Տիտոս Լիվիոսի, Տիբուլլոսի, Պրոպերտիոսի և ուրիշների ստեղծագործության ժամանակաշրջանը): 
Օգոստոսի արևելյան քաղաքականության մեջ կարևոր տեղ է ունեցել նաև Հայաստանը. գիտակցելով, որ չի կարող նվաճել, ձգտել է Հայաստանն իր ազդեցությանը ենթարկել դրածո գահակալների միջոցով, սակայն մինչև մ. թ. ա. I դարը հայոց թագավորները վարել են ինքնուրույն քաղաքականություն: 
Կայսրության արևելքում, դեռևս Օգոստոսի կենդանության օրոք, կառուցվել են նրան և Հռոմին նվիրված տաճարներ, կանգնեցվել են արձաններ (ամենահայտնին Վատիկանի Կյարամոնտիի թանգարանում է):
Posted in Պատմություն, Uncategorized

Չինաստան

Չինական Ժողովրդական Հանրապետություն
Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Տարածքի մեծությամբ աշխարհի` 4-րդ (Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո), իսկ բնակչության թվով 1-ին պետությունն է: Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմ: Ողողվում է Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով:
Մակերևույթը խիստ բազմազան է: Տարածքի ավելի քան 80 %-ը լեռնային է: Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը` 4000–5000մ) և ներքին լեռնաշղթաների (6000–7000մ) զուգակցմամբ: Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով: Որոշ գագաթներ 7000 մ-ից բարձր են և ծածկված են սառցադաշտերով: 
Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Կան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներ:
Կլիման բազմազան է. արևելքում մուսսոնային է, արևմուտքում և կենտրոնում` ցամաքային, ամառը չոր ու շոգ է, ձմեռը՝ ցրտաշունչ: Տիբեթի բարձրադիր տեղամասերում ցուրտ է: Երկրի հարավը տաք է. տարեկան ստանում են 2–3 բերք:
Արևելքում գետային ցանցը խիտ է և ճյուղավորված: Խոշոր գետերը (Յանցզի՝ Եվրասիա մայրցամաքի ամենաերկար գետը՝ 5800 կմ, Հուանհե, Սիցզյան) ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի 8 %-ը, հիմնական զանգվածները գտնվում են հյուսիս-արևելքում. աճում են եղևնի, կեչի, իսկ հարավում (ոռոգվում են Սիցզյանի ջրերով)` արևադարձային բույսեր: Առավել առատ և բազմատեսակ է արևադարձային շրջանների կենդանական աշխարհը: Տիբեթի բարձրավանդակում պահպանվել են յակեր, այծքաղներ, վայրի ոչխարներ, անապատային շրջաններում՝ կուլաններ, ջեյրաններ, ճագարամկներ և այլն: 
Չինաստանը բազմազգ պետություն է, սակայն բնակչության 94 %-ը չինացիներ են (բուն անվանումը՝ հան, չինական միասնական ժողովուրդը կազմավորվել է Հան կայսրության ժամանակաշրջանում): Ապրում են նաև ավելի քան 50 այլ ժողովուրդներ (ույղուրներ, մանջուրներ, մոնղոլներ, տիբեթցիներ և այլք): 
Խոշորագույն քաղաքներն են Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Վուհանը, Գուանչժոուն (Կանտոն), Չունցինը և այլն: 
Դավանում են բուդդայականություն, կոնֆուցիականություն և դաոսականություն: Խոսում են չինարենի՝ իրարից խիստ տարբերվող 7 հիմնական բարբառներով, գրում գաղափարագրերով (հիերոգլիֆային գիր): Դրանք փոքրիկ պատկերներ են, որոնցով նշանակվում են վանկերն ու բառերը: Գաղափարագրերի թիվը հասնում է 50 հզ-ի, սակայն առավելապես օգտագործվում են 7 հզ-ը:
Չինաստանը հին և հարուստ պատմություն ունի: Դեռևս մ.թ.ա. II հազարամյակում հին հաները Հուանհե գետի հովտում հիմնել են իրենց պետությունը: Պատմության ընթացքում երկիրը բազմիցս ենթարկվել է ներխուժումների, մասնատվել, բայց 5 հզ. տարի շարունակ պահպանել է բնակչության ֆիզիկական տեսակը:
1911 թ-ին Սուն Յաթ Սենի ղեկավարությամբ Չինաստանը հռչակվել է ազգային հանրապետություն, իսկ Մաո Ցզե Դունի գլխավորությամբ քաղաքացիական պատերազմի հաղթանակից հետո՝ 1949 թ-ի հոկտեմբերի 11-ին վերակազմավորվել է Չինական Ժողովրդական Հանրապետության:
XX դարի վերջին քառորդից Չինաստանում իրականացվում է «բաց դռների» տնտեսական քաղաքականություն, տնտեսության զգալի մասը մասնավորեցվել է, որպես տնտեսության զարգացման ուղի` սահմանադրության մեջ ամրագրվել է «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմը», որի արդյունքում երկրի տնտեսությունն աննախընթաց վերելք է ապրում, զարգանում են արդյունաբերության տարբեր ճյուղեր, արտադրվում են ավտոմեքենաներ, գյուղատնտեսական մեքենաներ, օդանավեր, բազմապիսի հաստոցներ, խաղալիքներ (աշխարհում արտադրվող խաղալիքների 50 %-ը):
Չինացիները հնուց հայտնի են որպես հմուտ երկրագործներ: Մշակում են բրինձ, թեյ, ցորեն, եգիպտացորեն, բամբակենի, բատատ, սոյա, ծխախոտ: Չինաստանը թեյի հայրենիքն է. այն տարածում է գտել Տան դինաստիայի ժամանակաշրջանում և հյուսիսային շրջանների բարբառով կոչվում է չայ, իսկ հարավի բարբառով՝ թեյ:
Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն: Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը:
Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը:
Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը [երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ 6,5 մ (ստորին), 5,5 մ (վերին)], որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքից: 2007 թ-ին Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում: Չինաստանը նաև փիլիսոփայական մտքի զարգացման, արևելյան բժշկության հայրենիքն է:
Ինքնատիպ ու գեղեցիկ են չինական քաղաքները: Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը, ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցներն աչքի են ընկնում կոկիկությամբ ու մաքրությամբ: Մայրաքաղաք Պեկինը (չինարեն՝ Բեյջին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) աշխարհի հնագույն քաղաքներից է. հիշատակվում է մ.թ.ա. II հազարամյակից: Պեկինի կենտրոնում է գտնվում «Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորում են «Արտաքին քաղաքը»: Խոշոր քաղաքները զարգացման չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր են:
Posted in Պատմություն, Uncategorized

Հնդկաստան

Հնդկաստանի Հանրապետություն
Հնդկաստանը պետություն է Հարավային Ասիայում՝ Հնդկական օվկիանոսի ավազանում: Զբաղեցնում է Հնդստան թերակղզին, Անդամանյան ու Նիքոբարյան (Բենգալյան ծոցում) և Լաքադիվյան (Արաբական ծովում) կղզիները: Երկրի տարածքի շուրջ 75%-ը հարթավայրեր ու սարահարթեր են: Հնդստան թերակղզու կենտրոնում Դեկանի սարահարթն է, որից հյուսիս Ինդոս-Գանգեսյան դաշտավայրն է: Հյուսիսում վեր են խոյանում երկրագնդի ամենաբարձր լեռնային համակարգերը՝ Հիմալայներն ու Կարակորումը: Կան քարածխի, նավթի, երկաթի, մանգանի, փայլարի, քրոմի, ցիրկոնիումի պաշարներ: 
Հնդկաստանի մեծ մասում կլիման մերձհասարակածային մուսսոնային է: Առանձնացվում են կլիմայական 3 սեզոն՝ շոգ և խոնավ (մուսսոնների գերակշռությամբ), համեմատաբար զով և չորային, խիստ շոգ և չորային: Ամռանը (խոնավ սեզոն) թափվում է տարեկան տեղումների 80%-ը: Այստեղ է գտնվում երկրագնդի ամենախոնավ շրջանը. Չերապունջի բնակավայրի շրջակայքում տարեկան տեղումները հասնում են 12.000 մմ-ի:
Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Գանգեսը, Բրահմապուտրան, Ինդոսը, որոնց ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
Հարուստ ու բազմազան է բուսական աշխարհը. միմյանց հաջորդում են մշտադալար ջունգլիները, սավաննաները, տերևաթափ անտառները, արևադարձային և մերձարևադարձային խառնանտառներն ու մարգագետինները:
Հարուստ է նաև կենդանական աշխարհը. կան կապիկներ, եղջերուներ, այծքաղներ, հնդկական փղեր, ռնգեղջյուրներ, վագրեր, հովազներ, հիմալայան արջեր, թռչուններ ու սողուններ: Հնդկաստանում ստեղծվել է շուրջ 50 արգելոց և ազգային պարկ (Շիվպուրի, Բանդիպուր, Տարոբա և այլն):
Հնդկաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս քարի դարում: Մ. թ. ա. III հազարամյակի 2-րդ կեսին և II հազարամյակի 1-ին կեսին Ինդոսի հովտում գոյություն է ունեցել հնագույն հասարակություն, որի կենտրոններից էր Խարապպա քաղաքատեղին: Այն հայտնի էր հզոր կառույցներով, արվեստի հոյակապ նմուշներով և ուներ սեփական պատկերային գիրը:
Մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին հյուսիս-արևմուտքից Հնդկաստան թափանցեցին արիական ցեղերը, որոնց շնորհիվ ձևավորվեց սանսկրիտը (հին հնդկերենը), և ծագեցին համաշխարհային կրոններից երկուսը՝ հինդուիզմն ու բուդդայականությունը:
Մ. թ. ա. III դարում, Մաուրյաների դինաստիայի օրոք, ստեղծվեց միասնական Հնդկական պետությունը, որի կենտրոնը դարձավ Մագադհա պետությունը: Այն առավել հզորացավ Աշոկա արքայի օրոք:
Պատմիչների վկայությամբ` Աշոկան ծավալել է լայն շինարարական աշխատանքներ: Երկրի բոլոր փայտե պալատների փոխարեն կառուցվել են քարե պալատներ, փորվել ջրանցքներ: I դարում Հնդկաստանը բաժանված էր բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների: IV դարի սկզբին Չանդրա Գուպտա I-ը, նվաճելով հարևան երկրները, Գանգեսի հովտում ստեղծեց Գուպտաների խոշոր պետությունը: Այս ժամանակաշրջանը համարվում է Հնդկաստանի ոսկեդարը և աչքի է ընկնում իր մշակույթով, առաջին հերթին՝ ճարտարապետությամբ: 
VIII դարում Հնդկաստան ներխուժեցին արաբները, և երկրում տարածվեց իսլամը: XIII դարում Հյուսիսային Հնդկաստանը բազմիցս ենթարկվել է մոնղոլ նվաճողների հարձակմանը: 1398 թ-ին Դելի ներխուժեց Լենկթեմուրը, իսկ 1526 թ-ին՝ նրա թոռ Բաբուրը, որը, Հյուսիսային Հնդկաստանի և Աֆղանստանի գրաված տարածքները միավորելով, ստեղծեց Մեծ Մողոլների կայսրությունը, որն առավելագույն ծաղկման հասավ Բաբուրի թոռ Աքբարի օրոք (1556–1605 թթ.): Այս ժամանակաշրջանում Եվրոպայից Հնդկաստան եկան առաջին քրիստոնյաները: 
Հնդկաստանը եվրոպացիներին պատկերանում էր իբրև հրաշքների ու անհամար հարստությունների երկիր: Ուստի, չնայած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրականները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան: XVIII դարում անգլիացիները նվաճեցին երկիրը և դարձրին իրենց գաղութը: Անգլիացիների տիրապետությունը տևեց շուրջ 200 տարի: Սակայն, ի վերջո, 1947 թ-ին հնդիկները ծանր պայքարում անկախություն նվաճեցին:
Հնդկաստանն աշխարհի ամենաբազմազգ և բազմալեզու երկիրն է, իսկ բնակչության թվով զիջում է միայն իր հյուսիսային հարևան Չինաստանին: Հնդկաստանում ապրում են 85 լեզվով ու բարբառով խոսող մի քանի հարյուր ազգ, ժողովուրդ ու ցեղախումբ: Պետությունը կազմված է 22 նահանգից. յուրաքանչյուր նահանգում իբրև պաշտոնական լեզու ընդունված է տեղական լեզուն (օրինակ` բենգալերենը, մարաթի լեզուն, թամիլերենը և այլն): Կենտրոնական շրջաններում խոսում են հինդի լեզվով, որն ամենատարածվածն է երկրում և ընդունված է իբրև պետական լեզու: Երկրորդ պետական լեզուն անգլերենն է: 
Խոշոր քաղաքներն են Նյու Դելին, Կալկաթան, Մադրասը, Բոմբեյը:
Հնդկաստանը հակադրությունների երկիր է. արդյունաբերության արտադրության ծավալով առաջատար տեղ է գրավում աշխարհում, սակայն մեկ շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով 102-րդն է: Նորագույն տեխնիկայով հագեցած գործարանների կողքին կան փոքր արտադրամասեր, որտեղ դեռևս օգտագործվում է ձեռքի աշխատանքը:
Երկրի տնտեսության ավանդական ճյուղերին զուգընթաց զարգանում են նաև մեքենաշինությունը, մետաղաձուլությունը, էներգետիկան, քիմիական, տեքստիլ (աշխարհում հայտնի են Քաշմիրի բրդե շալերը), կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերությունը:
Երկրի տարածքի 50 %-ը մշակվում է, ոռոգման դեպքում հնարավոր է տարեկան ստանալ 2–3 բերք: Հացահատիկային մշակաբույսերը կազմում են ցանքատարածությունների 70 %-ը: Մշակում են բրինձ (տալիս է համաշխարհային բերքի 30 %-ը), թեյ, ծխախոտ, եգիպտացորեն, ջուտ, շաքարեղեգ, բամբակենի, համեմունքներ: Հնդկաստանն աշխարհի առաջատար երկիրն է մանգոյի, երկրորդը՝ ադամաթզի արտադրությամբ:
Հին հնդկական քաղաքներում պահպանվել են հզոր ամրոցներ, գեղեցիկ պալատներ ու տաճարներ: Ողջ աշխարհին հայտնի են Աջանտայի ժայռափոր տաճարների հրաշալի որմնանկարներն ու քանդակները: 
Փառահեղ է Ջամին (Մարգարտյա) մզկիթը Նյու Դելիում: Այն ապշեցնում է ոչ միայն ճարտարապետական ձևերով, այլև վիթխարի չափերով. հարակից կառույցներով կարող է տեղավորել մինչև 100 հզ. մարդ:
Հնդիկները երկրպագում են բազմաթիվ աստվածների՝ Բրահմա, Շիվա, Վիշնու և Կրիշնա, աստվածացնում լեռներ, գետեր (Գանգես), բույսեր (լոտոս), կենդանիներ (կապիկ, փիղ, օձ, հատկապես՝ կով): 
Հնդկաստանը շախմատի և յոգայի ուսմունքի հայրենիքն է: Այն աշխարհին հայտնի է իր առանձնահատուկ փիլիսոփայական ու կրոնական դպրոցներով, ազգային յուրահատուկ պարով, երգարվեստով ու կինոյով: Հնդիկներն են մշակել թվերի 10-ական  համակարգն ու ներմուծել «0»-ն: Հանրահայտ են աստղագետ Վարահամիհիրան, գրողներ Կալիդասը, Ռաբինդրանաթ Թագորը, Ռեդյարդ Քիփլինգը, պետական գործիչներ Մահաթմա Գանդին, Ջավահառլալ Ներուն, Ինդիրա Գանդին, հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ը, կինոռեժիսոր, կինոդերասան Ռաջ Կապուրը, շախմատիստ Վիշվանաթան Անանդը և շատ ուրիշներ:
Posted in Պատմություն, Uncategorized

Հին Աթենք

Հին Աթենք, քաղաք-պետություն (պոլիս) Ատտիկայում։ խոշոր դեր է խաղացել Հին Հունաստանի պատմության մեջ և մշակութային կյանքում։ Ըստ ավանդության, Պոլիսն առաջացել է սինոյկիսմոսի (համաբնակեցման)՝ աթենական ակրոպոլիսի շուրջը Ատտիկայի մեկուսի տոհմական համայնքների միավորման շնորհիվ, որը տևել է մի քանի հարյուրամյակ։ Այդ միավորումը վերագրվում է Թեսևս թագավորին։ Նրան է վերագրվում նաև աթենական համայնքի բնակչության բաժանումը եվպատրիդների, գեոմորների և դեմիուրգների։ Խոշոր հողատարածություններն աստիճանաբար կենտրոնանում էին տոհմական ազնվականության ձեռքում, իսկ ազատ բնակչության մեծ մասը կախման մեջ էր ընկնում նրանից։ Զարգանում էր պարտային ստրկությունը։ Ստրուկներից և ազատներից բացի Աթենքում կար նաև միջանկյալ խավ՝ այսպես կոչված մետեկները՝ անձնապես ազատ, բայց քաղաքական և տնտեսական որոշ իրավունքներից զուրկ մարդիկ։ Պահպանվում էր դեմոսի բաժանումը ֆիլաների, ֆրատրիաների և տոհմերի։ Աթենքը կառավարում էին ազնվականներից ամեն տարի ընտրվող 9 արքոնտները և արեոպագոսը՝ ավագների խորհուրդը։ Գույքային անհավասարության աճին զուգընթաց խորանում էին սոցիալ-տնտեսական հակասությունները, և սրվում պայքարը տոհմային ազնվականության ու դեմոսի միջև։ Սովորութային օրենքներն առաջին անգամ գրի առնվեցին մ.թ.ա. 621 թվականին, արքոնտ Դրակոնի օրոք։ Դա որոշ չափով սահմանափակեց դատավոր-արիստոկրատների կամայականությունները։ Մ.թ.ա. 594 թվականին դեմոսի ուժեղ ճնշման տակ Սոչոնը անցկացրեց բարենորոգումներ, որոնք Էապես փոխեցին Աթենքի սոցիալ-քաղաքական ողջ կարգը։ Սակայն բարենորոգումներից դժգոհ էին ինչպես գյուղացիները, որոնք չհասան հողի վերաբաժանմանը, այնպես էլ նախկին արտոնությունները կորցրած տոհմային ավագանին։ Մ.թ.ա. մոտ 560 թվականին Աթենքում տեղի ունեցավ քաղաքական հեղաշրջում, հաստատվեց Պիսիստրատոսի բռնապետությունը, որի քաղաքականությունն ուղղված էր տոհմային ավագանու դեմ։ Նրա ժամանակ Աթենքը իր ազդեցությունը տարածեց էգեյան ծովի մի շարք կղզիների վրա, ամրացավ Հելլես-պոնտոսի երկու ափերին։ Քաղաքը մեծացավ, գեղեցկացավ նոր շենքերով և արձաններով։ Կառուցվեց ջրմուղ։ Պիսիստրատոսի և նրա որդիների օրոք արքունիք հրավիրվեցին լավագույն արվեստագետներ։ Պիսիստրատոսի մահից (մ.թ.ա. 527 թվականին) հետո իշխանությունն անցավ նրա երկու որդիներին, սակայն նրանք այն երկար պահել չկարողացան։ Ինչպես և ամբողջ Հունաստանում, բռնապետությունն Աթենքում կարճատև եղավ։ Իշխանությունը գրավելու տոհմային ավագանու փորձը պատճառ դարձավ դեմոսի ապստամբության՝ Կչիսթենեսի գլխավորությամբ։ Հաղթանակն ամրապնդվեց բարենորոգումներով, որոնց շնորհիվ ոչնչացվեցին տոհմական կարգերի վերջին մնացորդները, պետությունը դարձավ ստրկատերերի դասակարգի տիրապետության գործիք։ Հույն-պարսկական պատերազմներում (մ.թ.ա. 500-449 թվականներ) առաջատար դերը պատկանում էր Աթենքին։ Նա հունական սակավաթիվ պոլիսներից Էր, որոնք պաշտպանեցին հոնիական քաղաքների ապստամբությունը, փայլուն հաղթանակ տարան պարսիկների դեմ Մարաթոնի մոտ (մ.թ.ա. 490 թվական), մասնակցեցին հունական քաղաքների պաշտպանական դաշինքին։ Սալամինի ճակատամարտը (մ.թ.ա. 480 թվական), որը բեկում առաջացրեց պատերազմում, տեղի ունեցավ աթենացիների նախաձեռնությամբ և ամենից առաջ նրանց ու ստրատեգոս Թեմիստոկլեսի շնորհիվ ավարտվեց պարսիկների նավատորմի լրիվ ջախջախմամբ։ Հաջորդ տարիներին Աթենքը, գլխավորելով Դելոսյան միությունը, որը շուտով վերածվեց աթենական ծովային տերության, ամբողջովին իր ձեռքը վերցրեց ռազմական գործողությունների ղեկավարությունը։ Աթենք թևակոխեց իր առավելագույն վերելքի ժամանակաշրջանը։ Զարգացած արհեստագործության, առևտրի և ծովագնացության հիման վրա, օլիգարխիական (Արիստիդեսի, ապա Կիմոնի գլխավորությամբ) և դեմոկրատական (Թեմիստոկլեսի, հետագայում Եփիալտեսի և Պերիկլեսի գլխավորությամբ) խմբավորումների միջև սուր պայքարի պայմաններում Աթենքում հաստատվեց այն ժամանակների համար առավել առաջադիմական պետական կարգը՝ ստրկատիրական դեմոկրատիան, որը բարձր զարգացման հասավ հատկապես Պերիկլեսի օրոք (այսպես կոչված Պերիկլեսի ոսկե դարը)։ Աթենքում էին ապրում և ստեղծագործում Հերոդոտոսը, Անաքսագորասը, Ֆիդիասը, Էսքիլեսը, Սոֆոկլեսը, Եվրիպիդեսը, Արիստոֆանը։